

Պոլինոզ

Պոլինոզը սեզոնային ալերգիկ ռինիտ է: Այն դրսևորվում է փռշտալով, քթից ջրային արտահոսքով («քթից հոսք»), հաճախ՝ շնչահեղձության նոպաներով, արցունքահոսությամբ, քորով, երբեմն՝ աչքերի այտուցվածությամբ, տհաճ ցավոտ զգացողություններով բերանում և կոկորդում։
Ալերգիկ ռինիտի պատճառը
- Ծառերի ծաղկափոշին, տարբեր խոտերը և մոլախոտերը
- Տարվա որոշակի ժամանակահատվածներում մթնոլորտում առկա բորբոսի սնկերի սպորները
Եղնջացան

Եղնջացան՝ մաշկի վրա տարբեր չափերի բշտիկների առաջացում, որոնք նման են եղինջի այրվածքից հետո ցաներին, և ուղեկցվում են մաշկային քորով: Երեխաների մոտ եղնջացանը հաճախ սննդային ալերգիայի ախտանիշ է և ունի սուր բնույթ, այսինքն առաջանում է ալերգեն մթերքն ուտելուց հետո մի քանի րոպեի ընթացքում և տևում է ոչ ավելի, քան 6 շաբաթ:
Նաև ալերգիկ եղնջացանը կարող է առաջանալ դեղորայքային ալերգիայի, խայթող միջատների (մեղուներ, կրետներ, թեփուկավորներ և այլն) թույնի նկատմամբ ալերգիայի դեպքում։
Ատոպիկ դերմատիտ

Կյանքի 1-ին տարում շատ երեխաների մոտ առաջանում է մանկական էկզեմա կամ ատոպիկ դերմատիտ:
Մաշկը չորանում է, առաջանում են կարմրություն, ցան, թեփոտում, ճաքեր, թացոտումներ, կարող է ավելանալ նաև վարակ։ Անտանելի քորի պատճառով երեխաները կորցնում են հանգստությունը, վատ են քնում, հաճախ են լացում։ Այս տարիքում վնասվածքները տեղայնացվում են այտերի, ճակատի մաշկի վրա, հոդերի ծալման մակերեսի վրա, պարանոցի և գլխամաշկի մազածածկ մակերեսներին։
Մանկական էկզեմայի ամենատարածված պատճառը սննդային ալերգիան է կովի կաթի և հավի ձվի սպիտակուցի նկատմամբ, որը զարգանում է հավելյալ սննդի ներմուծումից կամ արհեստական կերակրման անցնելուց հետո։
Կերակրող մայրերը պետք է հիշեն, որ երբ նորածինների մոտ նման ախտանշաններ են ի հայտ գալիս, նրանք իրենք պետք է հետևեն խիստ սննդակարգի և իրենց սննդակարգից բացառեն տարբեր ալերգիկ մթերքները, ինչպես նաև արագ սնունդը։
Սննդային ալերգիա

Սննդային ալերգիան սննդի նկատմամբ օրգանիզմի գերզգայունությունն է, որն առաջանում է մարդու իմունային համակարգի խանգարումների հետևանքով:
Սննդային ալերգիայի նշաններ
- Սուր եղնջացան
- Որովայնի ուժեղ ցավ
- Փսխում
- Ախորժակի բացակայություն
- Աղիների աշխատանքի խանգարումներ (փորկապություն, փորլուծություն)
- Մեթեորիզմ/վքնածություն
- Անաֆիլակտիկ շոկ
- Ալերգիկ ռինիտ
- Շնչահեղձության նոպաներ
- Միգրեն
- Ատոպիկ դերմատիտ
Երեխաների մոտ առավել հաճախ ալերգիա են առաջացնում կովի կաթը, հավի ձուն, սոյան, ցորենը, գետնանուշը և այլն, մեծահասակների համար տարբեր ընկույզները կարող են ալերգեն մթերք հանդիսանալ, իսկ ավելի հաճախ՝ գետնանուշը, ձուկը և ծովամթերքը։
Աղբյուր՝ Ֆեդենկո Ե.Ս., Իլյինա Ն.Ի. Ի՞նչ է ալերգիան: Գիրք բժիշկների և նրանց հիվանդների համար - Մ .: Ֆարմուս Պրինթ, 2005 թ․