https://www.allergia.am/wp-content/uploads/patcharner-1.jpg https://www.allergia.am/wp-content/uploads/article-2-title-small.jpg

Ալերգիան արտասովոր զգայունություն է այն նյութերի նկատմամբ, որոնք մարդկանց մեծ մասի մոտ որևէ ցավային ռեակցիա չեն առաջացնում։ Պատճառը, թե ինչու են որոշ մարդիկ տառապում ալերգիայով, իսկ մյուսները՝ ոչ, կախված  է յուրաքանչյուր մարդու իմունային համակարգի առանձնահատկություններից:

 

Իմունիտետ եզրույթը բնութագրում է օրգանիզմի կարողությունը՝ ճանաչել և ոչնչացնել այն ամենը, ինչը մարդու իմունային համակարգի կողմից ընկալվում է որպես «օտար», հետևաբար՝ վնասակար առողջության համար։ Այդպիսի թշնամիներ կարող են հանդիսանալ գրիպ և մանկական ինֆեկցիաներ առաջացնող վիրուսները՝ ջրծաղիկը և այլ հիվանդություններ, ինչպես նաև բակտերիաները, որոնք առաջացնում են նշիկաբորբ (անգինա), թոքաբորբ և այլն, թույները, սնկերը։

 

Որոշ մարդկանց համար թշնամի են դառնում տան փոշին, բույսերի ծաղկափոշին, բորբոսը, սննդի որոշ տեսակներ և այլն։ Տվյալ դեպքում վերոնշյալները դառնում են ալերգեններ, և մարդու մոտ առաջացնում են ալերգիա։

 

Մեր օրգանիզմը, ի պատասխան նման միջամտության, արտադրում է պաշտպանիչ սպիտակուց- հակամարմիններ, որոնք հարձակվում և չեզոքացնում են այդ թշնամական տարրերը։

Եթե ​​դուք մեկ անգամ ներշնչում, կուլ եք տալիս կամ դիպչում եք նման ալերգեններին, ապա պաշտպանական համակարգը գործի է անցնում. այն հիշում է դրանք և արտադրում հատուկ IgE հակամարմիններ: Այս փուլը կոչվում է սենսիբիլիզացիա: Այս նույն ալերգենների հետ կրկնվող շփման դեպքում հակամարմինները միանում են հատուկ տեսակի բջիջներին, որոնք կոչվում են պարարտ բջիջներ, և գտնվում են շնչուղիներում, ստամոքս-աղիքային տրակտում և մաշկի մեջ:

Կցված հակամարմինները ստիպում են պարարտ բջիջներին ալերգենի հետ շփման վայրերում տարբեր նյութեր արտազատել, որոնցից հիմնականը հիստամինն է։ Այս նյութերից մի քանիսը չեզոքացնում են թշնամիներին, մինչդեռ հիստամինի ավելցուկը հանգեցնում է հյուսվածքների փոփոխության, որն առաջացնում է ալերգիայի ախտանիշներ: Օրինակ՝ արյունատար անոթների լայնացումը հանգեցնում է բորբոքման և այտուցի, որը դրսևորվում է հարբուխով, փռշտոցով, քթի և աչքերի քորով, արցունքահոսքով և այլն։

Ինչը կարող է առաջացնել ալերգիա:

https://www.allergia.am/wp-content/uploads/patcharner-2.jpg
  • Ծառերի և խոտերի ծաղկափոշին
  • Սնկեր-միկրոօրգանիզմները
  • Բորբոսը
  • Միջատների խայթոցները
  • Որոշ սննդամթերքներ
  • Կենդանիների թեփը
  • Տնային փոշու տիզերը

Աղբյուր՝ Ֆեդենկո Ե.Ս., Իլյինա Ն.Ի. Ի՞նչ է ալերգիան: Գիրք բժիշկների և նրանց հիվանդների համար - Մ .: Ֆարմուս Փրինթ, 2005թ․

Ձեզ կարող է հետաքրքել նաև՝

hy